29/11/2019 23:17
Մարությանը հերքում է «ԿամԱԶ» նվիրած ընկերության կապը Սամվել Ալեքսանյանի հետ (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է՝ Սամվել Ալեքսանյանը համայնքին որևէ նվիրատվություն չի կատարել։
«Մեքենաներ նվիրած ընկերությունների մեջ կար «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը Հայկ Իսրայելյանը։ Եթե ինձ այսօր էլ հարցնեն՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել Երևան քաղաքին մեքենաներ՝ ես այսօր էլ կպատասխանեմ՝ ոչ։ Ինչու՞։ Որովհետև ես պաշտոնատար անձ եմ և քաղաքապետը չի կարող ասեկոսեների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել։ Եվ ես չեմ կարող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ», - Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Մարությանը։
Նա նշեց, որ որևէ գաղտնի գործընթաց չի եղել, մեքենաները գրանցվել են օրենքի պահանջին համապատասխան։
Նշենք, որ «Հետք» պարբերականի հետաքննության համաձայն, երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։