29/11/2019 16:03
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է ինքնարձակման հարցի շուրջ նիստի անցկացումը
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) դեկտեմբերի երկուսին կքննարկի «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցության՝ օրենսդիր մարմնի ինքնարձակման վերաբերյալ նախաձեռնությունը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:
Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ էր անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել էր հանդես գալ Միլի Մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով:
«Դեկտեմբերի երկուսին տեղի կունենա Միլի Մեջլիսի հատուկ նիստը, որտեղ կքննարկվի խորհրդարանի ինքնարձակման հարցը», - ասել է Ասադովը:
Ադրբեջանի խորհրդարանը կազմված է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում է կառավարող կուսակցությանը: Երկրում խորհրդարանի հերթական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի նոեմբերին: