29/11/2019 12:55
Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է. Գլխավոր դատախազը՝ մեղադրյալների ու վկաների մասին
Կարծում եմ՝ մեկնողներին պետք է հարցնել, երևի, Ռուսաստան գնալը հե՞շտ է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալների ու վկաների՝ Ռուսաստանում գտնվելուն։
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ում հետ շատ ավելի բաց շփման ռեժիմ ունենք», - ասաց նա։
Դատախազն ասաց, թե, պարզվում է, միայն Ռուսաստանը չէ, առաջիկայում կիմանանք նաև, որ այլ երկրներում էլ են գտնվում։
«Փախնողի հնարավորությունները որ ներում է, ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում է», - ասաց գլխավոր դատախազը։
Հարցին՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փախե՞լ է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես էդպիսի բան չեմ կարող ասել»։
Մյուս հարցին՝ «գյորայի» մեջ մտնո՞ւմ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, նա արձագանքեց. «Բոլորի մեջ գյորան մտնում է»։