29/11/2019 09:57
«Հրապարակ». «Կամազ»-ները՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։ Այսպես. նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մակնիշի մեքենա։
Մեր տեղեկություններով՝ դա արվել է «Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտի համար, որը քաղաքապետարանն ընդունելիս չի եղել։ Մյուսը՝ «Ն և Ս» ՍՊԸ-ն, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել․ մեր տեղեկություններով՝ Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես պետք է լինեին 14 հարկանի, իսկ նվիրատվությունից հետո դարձել են 18 հարկանի։
Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաև «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է։ Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման և աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը և սպասարկման կենտրոնը, որը կառուցում են որպես նվեր քաղաքին։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս 5 հարկ ավելացնել։ Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը։