29/11/2019 12:43
Երբ դիմացից լկտի պրովոկացիա է արվում, պետք է համարժեք պատասխան տրվի. Արթուր Դավթյանը՝ Քոչարյանի գործով դատախազի պահվածքի մասին
Ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ մարդ է ու, երբ դիմացից ուղղակի, կներեք արտահայտությանս, լկտի պրովոկացիա է արվում, կարծում եմ, երբեմն դրան պետք է համարժեք պատասխան տրվի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Հարցին՝ առաջիկայում իրեն կտեսնե՞նք այդ դատական նիստերին, Արթուր Դավթյանն ասաց. «Ինձ թվում է՝ վաղուց դա մեր համար աննախադեպ իրավիճակ չէ, ինձ ամեն տեղ կարող եք տեսնել։ Ես միայն աշխատասենյակում աշխատող դատախազ չեմ»։
Խոսելով Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող մյուս դատախազ Կարեն Բիշարյանի հասցեին հնչող մեղադրանքների ու բացարկի մասին՝ Արթուր Դավթյանն ասաց, թե պետք է դատախազի աշխատանքի ճիշտ ճանաչում արվի։
«Դատախազը գործ ունի համապատասխան քրեական գործում առկա նյութերի հետ, քրեական գործում առկա նյութերն իրեն թույլ են տալիս խոսել «ա» հետևության մասին, նա կխոսի «ա» հետևության մասին, թույլ են տալիս «բ» հետևության մասին, խոսելու է «բ» հետևության մասին։ Դատախազն ապացույց ձեռք բերող չէ, դատախազը պահանջում է, որ ձեռք բերվեն ապացույցներ, իսկ եղած ապացույցներով պարոն Բիշարյանը ցույց է տվել իր դիրքորոշումը շատ հետևողականորեն», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։