29/11/2019 19:37
Թալիբները հավաստել են ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
«Թալիբան» շարժումը հավաստել է Միացյալ Նահանգների հետ խաղաղ բաննակցություններ սկսելու պատրաստակամությունը, ինչի մասին ավելի վաղ Աֆղանստան կատարած այցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին Reuters-ին հայտնել է արմատական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Եթե խաղաղ բանակցություններն սկսվեն, դրանք կվերականգնվեն այն փուլից, որտեղ կանգ են առել», - ասել է նա:
Ըստ գործակալության՝ թալիբները Կատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են անցկացնում անցած հանգստյան օրերից: Սպասվում է, որ պաշտոնական բանակցությունները կվերսկսվեն շուտով: Թրամփը նախօրեին Աֆղանստանում հայտարարել է, որ «Թալիբանը» ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանի տարածքում իր զորակազմի թվաքանակը կրճատում է մինչև 8,6 հազար: