29/11/2019 18:25
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում պրեմիերա է. բեմում է Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան
Դեկտեմբերի 5-ին և 12-ին, ժամը 19։00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջ. Վերդիի «Պարահանդես-դիմականադես» օպերայի համերգային կատարման առաջնախաղը:
Ջ. Վերդիի «Պարահանդես-դիմականադես» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1859 թ.-ի փետրվարի 17-ին՝ Հռոմի «Ապոլլո» թատրոնում։
Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Ջ. Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում Վերդիի «Պարահանդես-դիմականադես» օպերան վերջին անգամ ներկայացվել է 60 տարի առաջ։
Ներկայացման բեմադրող դիրիժորն է Մկրտիչ Բաբաջանյանը։ Մասնակցությամբ՝ թատրոնի մեներգիչների, երգչախբի և սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան):
Ներկայացմանը մասնակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները: Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Լուիզա Գրիգորյան: