30/11/2019 13:39
Դատախազությունը «Կամազ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասացին դատախազության լրատվական ծառայությունից։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:
Նա նշել էր, որ «Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «Կամազ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն նվեր ստացել։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հրապարակել էր նվիրատուների ցանկի մի մասը, ինչի վերաբերյալ դարձյալ Դավիթ Խաժակյանը կասկած էր հայտնել՝ ասելով, որ «Ն և Ս քանսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին ԿամԱԶ-ները նվիրել է շինթույլտվության դիմաց։