30/11/2019 14:07
Բոլսոնարուն Դի Կապրիոյին մեղադրել է Ամազոնիայի անտառային հրդեհները հովանավորելու համար
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ուրբաթ հայտարարել է, որ հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հովանավորում է հասարակական կազմակերպություններին, որոնց անդամները կասկածվում են Ամազոնիայի անտառների հրդեհումների համար։ Այսպիսի կարծիք քաղաքական գործիչը հայտնել է կողմնակիցների հետ շփվելիս, որոնք հավաքվել էին ողջունելու նրան պաշտոնական նստավայրի մոտ։ Հանդիպումը ցուցադրվել է Բոլսոնարուի Facebook-ի էջում:
«Լեոնարդո Դի Կապրիոն հիանալի տղա է, ճի՞շտ է։ Փող է տալիս, որպեսզի հրդեհեն Ամազոնիան»,- նկատել է քաղաքական գործիչն ի պատասխան կողմնակիցներից մեկի՝ երկրի բնական ռեսուրսները պահպանելու խնդրանքի։
Բոլսոնարուն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի, բայց խոսքը կարող է վերաբերել երկուշաբթի կալանավորված մի շարք հասարակական կազմակերպություների անդամներին, որոնց Պարայի հյուսիսային նահանգի ոստիկանությունը մեղադրում է արգելոցային անտառի հրդեհման մեջ զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկում՝ Ալտեր դու Շաուում։
Քննության վարկածով՝ միտումնավոր հրդեհումներին հանցակից են այստեղ գործող երեք ՀԿ-ներ։ Իրավապահ մարմինները մատնանշում են, որ այդ կազմակերպությունները Ամազոնիայում հրդեհներն սկսվելուց անմիջապես հետո պայմանագրեր են ստացել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ և կարող են վաճառել «կանաչներին» որոշ լուսանկարներ, որոնք նրանք իրենց հերթին օգտագործել են բնական աղետների դեմ պայքարի նպատակով միջոցներ հավաքելու համար։ Ֆիլանտրոպներից մեկը դարձավ Լեոնարդո Դի Կապրիոն։ Բոլսոնարուն իր վարկածը ներկայացրել է նաեւ Ֆեյսբուքի ամենշաբաթյա ելույթում՝ դերասանին ասելով, որ այդկերպ նա «ֆինանսավորում է հրդեհներն Ամազոնիայում»։
Գործով կասկածյալները հինգշաբթի ազատ են արձակվել, իսկ տեղի իշխանությունները օպերատիվ գործողություններում ընդգրկել են սեփական անվտանգության ծառայությանը եւ փոխել են քննչական բրիգադի ղեկավարին, տեղեկացրել է O Globo թերթը։ Ինչպես նշել է նահանգի դատախազությունը, տեղի իրավապահ մարմինների վարկածը տարբերվում է դաշնային հետաքննության տվյալներից։