30/11/2019 10:20
«Փաստ». Հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած
«Վերջին շրջանում շատ է խոսվել ՀՀ քաղավիացիայի խնդիրների մասին՝ նշելով այն խնդիրները, որոնք գնալով խորանում են այս ոլորտում իշխանափոխությունից հետո։
Թերթի՝ ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ իսկապես այստեղ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։ Ավելի ստույգ՝ նրանցից ձերբազատվելու հանգամանքով: Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղավիացիայի կոմիտեից դուրս են եկել ոլորտի մի շարք լուրջ գիտակներ:
Մասնավորաբար, «կլասիկ» պատգամավորի խոսքերով, «սիրուն աղջկա» «թեթև ձեռքով» իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանը, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, որը պատասխանատու էր ավիացիոն անվտանգության վերահսկման համար:
Եթե այս ամենին հավելենք, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ տեխնիկական անսարքությունների հետ կապված խնդիրներով պայմանավորված, մի շարք թռիչքներ հետաձգվել են կամ չեղարկվել, հասկանալի է դառնում, որ հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած»: