02/12/2019 17:17
ARMONIA երաժշտական մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է
Գործարար, մշակութային և կրթական նախաձեռնություններ իրականացնող Armenian Assembly հասարակական կազմակերպության կողմից հայտարարված ARMONIA երաժշտական մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը երկարացվել է։ Այս մրցույթի նպատակն է գտնել և աջակցել հայկական աշխարհի տաղանդավոր պատանիներին։
Աշխարհասփյուռ հայ պատանիների և հայկական մշակույթի կրողների շրջանում անցկացվող այս մրցույթի առաջին փուլի մեկնարկը տրվել է նոյեմբերի 6-ին, և հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ։ Այս ընթացքում առցանց՝ մրցույթի կայքում www.armonia.me, ընդունվում են մասնակցության հայտերը, իսկ դեկտեմբերի 10-ից - 21-ը կընտրվեն յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն հայտերը։
Առաջին փուլի ժյուրիի կազմում կլինեն Մոսկվայի առաջատար երաժշտական դպրոցների դասախոսներ։ Ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ կանցնեն յուրաքանչյուր տարիքային խմբից լավագույն կատարողները։
Երկրորդ՝ եզրափակիչ փուլում, կորոշվեն մրցույթի երեք տարիքային խմբերի հաղթողները։
Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում են Կոնստանտին Օրբելյանը, Հասմիկ Գրիգորյանը, Սերգեյ Սմբատյանը, Միխայիլ Խոխլովը, Ստաս Նամինը, Ջիվան Գասպարյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը:
Իսկ չորորդ դրամաշնորհի՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի հաղթողին կընտրի հանրությունը։ 2020 թվականի հունվարի 10-ին կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ելույթները և www.armonia.me կայքի այցելուները հնարավորություն կունենան քվեարկել ցանկացած մասնակցի օգտին։
Հունվարի 15-ի ժամը 23:59-ի դրությամբ առավելագույն ձայներ ստացած մասնակիցը կճանաչվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիր։
Հաղթողները ելույթ կունենան Մոսկվայի լավագույն համերգային հարթակներից մեկում՝ մրցույթի եզրափակիչ համերգին։ Համերգի ընթացքում յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կշնորհվի դրամական պարգև և պատվոգիր։
Հայ երիտասարդ շնորհալիների աջակցելը և նրանց պրոֆեսիոնալ կայացմանը նպատելը Armenian Assembly ՀԿ-ի գործունեության առաջնային նպատակներից մեկն է։ Կազմակերպությունն արդեն իսկ աջակցել է մի շարք պատանիների դասական երաժշտության և սպորտի բնագավառներում, այդ թվում շախմատիստ Շանթ Սարգսյանին, դաշնակահարներ Եվա Գևորգյանին, Կարինա Տեր-Ղազարյանին և Դավիթ Ավետիսյանին։
Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 25 նախագծի՝ Հայաստանում և Ռուսաստանում: 2017 թ․-ի վերջում հիմնադրված Armenian Assembly-ի կազմում են հայկական սփյուռքի հաջողակ, կոմպետենտ ներկայացուցիչներ, ովքեր իրենց ոլորտի փորձագետներ են և տիրապետում են կազմակերպության առջև դրված նպատակների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներին ու փորձին։