02/12/2019 13:36
Վահե Գրիգորյանի հետ համաձայն չենք. Ռուստամ Բադասյան
Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը պատվով հեռանալու, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այն չի կարող որակվել որևէ կերպ որպես նվաստացուցիչ», - ասաց նա։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ իշխանությունը նպատակ ունի ներդնել բարեվարքության ստուգման այնպիսի մեխաիզմներ, որը հնարավորություն կտա թե դատական համակարգում, թե պետական իշխանության այլ մարմիններում ունենալ մեխանիզմներ, որ հանրության վստահությունը այդ մարմինների նկատմամբ բարձրանա։
Դիտարկմանը, թե ինքը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի՝ դատավոր-անդամ քննարկումներում նրա տեսակետները չի կիսել, դա անձամբ ի՞ր, թե՞ կառավարության դիրքորոշումն է, նախարարը պատասխանեց. «Եթե կառավարությունն ունենար նույն դիրքորոշումը, ինչ Վահե Գրիգորյանը, նամակում առաջարկվող քայլերի հաջորդականությունը կսկվեր, որովհետև կառավարությունը այդ դեպքում պետք է առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ոչ նախկինում, ոչ այժմ որևէ նման կամք կառավարությունը չի արտահայտել, ինչից էլ բխում է, որ, այո, բնականաբար, այդ մասով համաձայն չենք»։
Հարցին՝ հիմա անդամնե՞ր, թ՞ դատավորներ, նախարարը պատասխանեց. «Ես եթե բերել եմ նախագիծ, որով ասում եմ, որ Սահմանադրկան դատարանի դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի, ինչի՞ մասին է խոսքը»։