02/12/2019 11:09
Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան կարգավորման հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութա-հումանիտար ոլորտներում:
Արտաքին գործերի նախարարությունները կստորագրեն նաև 2020 թվականի խորհրդակցության պլան:
«Արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հիմնախնդիրները: Կկայանա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - հանդիպմանն ընդառաջ հայտարարել են ռուսական ԱԳՆ-ից:
Նախարարությունը ավելի վաղ նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու միջնորդական ջանքերում և կշարունակի նպաստել կարգավորման գործընթացին՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ ազգային կարողությունների պայմաններում ՝ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ: