02/12/2019 10:24
ՀՀ կառավարությունն ընտրություններում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին. Նիկոլ Փաշինյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Խոսեցինք Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակի մասին:
Անդրադարձա նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին», - գրել է Նիկոլ Փաշինյանը։