02/12/2019 11:54
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը պատվով հեռանալու գործընթաց է. Ռուստամ Բադասյան
Ժողովրդի գրպանի հաշվին իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելը, մեղմ ասած, անկեղծ չէ։ Իշխանությունը սրանով չի լուծում ժողովրդի կամքը, իշխանությունը լուծում է իր քաղաքական խնդիրները, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Եթե այս գործընթացն անձնավորված չէ, ինչո՞ւ այն չեք սկսում ամբողջ դատական համակարգից», - հետաքրրքվեց պատգամավորը։
Նիստին ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը հորդորում է վաղ կենսաթոշակի ուղարկելու գործիքակազմը կիրառել հնարավորինս նեղ շրջանակի, ոչ թե ամբողջ դատական համակարգի նկատմամբ։
Ինչ վերաբերում է ժողովրդի գրպանի հաշվին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելուն, Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ այստեղ ոչ ոք ոչ ոքի լավություն չի անում, սա ուղղակի պատվով հեռանալու գործընթաց է։