02/12/2019 11:21
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզպետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումների հիման վրա
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումների հիման վրա, Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք՝ 168.am-ը գրել էր, որ հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։ Դեպքը տեղի էր ունեցել մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ Ըստ հրապարակման՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու համար վերջինիս վարորդը ծեծի էր ենթարկել վարսավիր Սերոբին, ապա սպառնացել՝ այդ գյուղ ոտք չդնել։
Հրապարակմանն արձագանքել էր մարզպետ Սարգսյանը՝ ասելով, թե լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։
«Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը և, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը», - գրել էր մարզպետը։