02/12/2019 19:02
Չստացված սեր, երիտասարդական մաքսիմալիզմ, ընկերություն, անիմաստ և անարժեք բաների վրա ծախսված ժամանակ. Նորա Գրիգորյանը ռուսական թատրոնի բեմ է բարձրացնում «Օնեգին»-ը
Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպը՝ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով, շուտով կբարձրանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի բեմ: «Օնեգին»-ի առաջնախաղը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին և 7-ին: Aysor.am-ի հետ զրուցում Ն. Գրիգորյանն նկատեց՝ սցենարի վրա ևս ինքն է աշխատել. կատարել է կրճատումներ, սակայն կառուցողական առումով որևէ փոփոխություն չի արել:
«Այս գործը բեմադրելու գաղափարն առաջացավ ամռանը, երբ հետծննդյան 40-օրյա արձակուրդի մեջ էի: Անընդհատ ընթերցանությամբ էի զբաղվում, ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի հորս մասին գրքին: Այդ գրքից իմացա, որ պայմանավորվածություն է ունեցել Լվով քաղաքում բեմադրել «Եվգենի Օնեգին» օպերան: Սակայն պլանները ձախողվել են: Այդ տեղեկությունը կարդալուց հետո մեկ շաբաթ գլխիցս դուրս չէին գալիս դեռ դպրոցական տարիքից սովորած չափածո վեպի տողերը: Որոշեցի վերընթերցել, ու առաջին անգամ էր, որ կարդալու ընթացքում պատկերացնում էի այն բեմում: Ամեն ինչ շատ հուզիչ էր՝ չստացված սեր, երիտասարդական մաքսիմալիզմ, ընկերություն, անիմաստ և անարժեք բաների վրա ծախսված ժամանակ», - նշեց ռեժիսորը:
Որոշում կայացնելուց անմիջապես հետո մտահղացման մասին ռեժիսորը զանգահարել ու պատմել է իր լավագույն ընկեր, հետագայում՝ ներկայացման խորեոգրաֆ Արա Ասատուրյանին: Այնուհետև գնացել է թատրոն ու ղեկավարությանն առաջարկել պատրաստել երիտասարդական, նոր մտքերով ու պլաստիկայով ներկայացում: Դրական պատասխան ստանալով՝ անմիջապես սկսել է բեմականացման աշխատանքները:
«Կարծում եմ՝ կարողացա ոգևորվածությունս փոխանցել ստեղծագործական ամբողջ խմբին: Մինչ այսօր մեծ սիրով ենք աշխատում: Դերասաններից յուրաքանչյուրին շնորհակալ եմ նվիրումի համար», - ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ բեմական, ռեժիսորական և պլաստիկ լուծումները նորարարական են, ամեն ինչի մեջ երիտասարդության շունչ կա: Մեկտեղ՝ չեն կորցրել տաղանդավոր Պուշկինին բեմից հնչեցնելու հնարավորությունը:
«Դասականը նրանով է դասական, որ արդի է միշտ: Տեսնելով երիտասարդների մոտեցումը այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը, հասկանում ենք, որ երբեմն կարևորում ենք այն, ինչը կարևոր չէ՝ անտեսելով ամենակարևորն ու առաջնայինը… Իհարկե, ներկայացումն իր ֆորմայով մի քիչ այլ է ստացվել, մենք մեր մեջ ասում ենք՝ ուրիշ է: Բայց այդ ուրիշ ֆորմայի մեջ չենք կորցրել կարևորին՝ մարդուն, նրա զգացմունքները, հոգեվիճակը, փոխհարաբերությունները», - մանրամասնեց Ն. Գրիգորյանը:
Գլխավոր հերոսին մարմնավորում է Մնջախաղի թատրոնի դերասան Մանվել Սարգսյանը: Տատյանայի կերպարում հանդես է գալիս ռուսական թատրոնի նորաբնակ Աննա Մանուչարյանը:
«Ինքս ինձ անընդհատ կրկնում էի՝ չկա Օնեգին՝ ներկայացումդ 50 տոկոսով է ստացվելու: Հերոսիս երկար եմ փնտրել, իմ հիվանդագին ու մոլուցքային վերաբերմունքը տեսնելով՝ շատերն էին ուզում օգնել… Վերջապես գտա Մանվելին, ով մնջախաղի դերասան է, հրավիրվում է խաղալու տարբեր ներկայացումներում, բազմաթիվ ռեժիսորների հետ է աշխատել: Նրա հետ անձամբ կապ հաստատեցի՝ սարսափով մտածելով, որ ռուսերենը լավը չի լինի: Ինձ ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որտեղ կարդում էր վեպից մի հատված: Հենց լսեցի, անմիջապես բղավեցի՝ գտա: Գիտեք, առհասարակ հաճելի է աշխատել տաղանդավոր, բայց մեկտեղ ինքն իր վրա անդադար աշխատող, ինքնազարգացող, ջանք թափող, աշխատասեր դերասանների հետ: Մանվելն այդ տեսակին է պատկանում: Ուզում եմ նշել նաև Լիլիա Մուկուչյանին, ով հիմա էլ ավելի եռանդով ներգրավվեց աշխատանքի մեջ: Ունենք նաև դեբյուտ՝ Աննա Մանուչարյանը: Սա իր առաջին մեծ դերն է թատրոնում, ու շատ հետաքրքիր է ներկայացել», - ընդգծեց ռեժիսորը:
Ներկայացման մեջ խաղում են նաև Հռիփսիմե Նահապետյանը, Հայարփի Զուռնաչյանը, Ալեքսանդր Հայրապետովը, դեռևս ուսանող՝ Թատերական ինստիտուտը դեռ չավարտած Վահագն Սամվելյանը, Լև Նալբանդյանը, Գրիգ Խոջոյանը, Անտոն Աղաջանյանը, Անուշ Սարգսյանը, Յուլիա Ժդանովան:
«Շնորհակալ եմ բոլորին մեծ աշխատանքի, օրվա ցանկացած ժամի անտրտունջ փորձի գալու, պատրաստակամության համար: Իրականում, բոլորս շատ կապված ենք իրար, ու եթե նույնիսկ մեկը չլիներ, ներկայացումը չէր լինի այնպիսին, ինչպիսին հիմա կա: Գունեղ դերասանական խումբ, որի հետ հաճույքով եմ աշխատել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նորա Գրիգորյանը:
Նշենք, որ ներկայացման զգեստների հեղինակը Լուսին Կարապետյանն է: