03/12/2019 19:00
Անի Սամսոնյանն, Արման Աբովյանն ու Ռուբեն Մելիքյանը այցելել են բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այցելել են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ այսօր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցից երիտասարդներ էին բերման ենթարկվել։
Կենտրոնի ոստիկանական բաժանմունք է գնում նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Գնում եմ Կենտրոնականի ոստիկանություն։ Այնտեղ են տարել տասնյակ երիտասարդների՝ նույն արարքի համար, որը կատարելու համար տասնյակ այլ երիտասարդների անցյալ տարի «տարան» Ազգային ժողով։ Որպես պատգամավոր», - գրել է նա։
Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկվածները բողոք չեն ներկայացրել։
«Խնդիր կար, որ չեն թողել հեռախոս օգտագործել, մենք այդ խնդիրը լուծել ենք», - ցուցարարներից տեսակցելուց հետո ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ երիտասարդներից որևէ մեկը վնասվածք չի ունեցել։
Նա ասաց, որ այժմ գնում է ոստիկանության Էրեբունիի բաժանմունք, քանի որ այնտեղ կան բերման ենթարկված հինգ երիտասարդ։
Նշենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 24 անձ բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հետ հանդիպման:
Տեսնելով, որ նախարարը չի հանդիպում իրենց հետ վերջիններս ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին: Ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին նախարարության մուտքի մոտից, արդյունքում 4 հոգի բերման ենթարկվեց:
Դրանից հետո երիտասարդները նստացույց իրականացրեցին Վազգեն Սարգսյան փողոցում: Մի քանի անգամ նախազգուշացումից հետո ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց նրանց նաև փողոցից: