03/12/2019 19:48
Էրդողանը Ռուսաստանն անվանել է Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկը
ՌԴ-ն Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց այդ երկրի հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Ակնկալվում է, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում կլինեն հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ: Մենք Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցություն ենք պահպանում՝ հիմնված փոխըմբռնման վրա: Ռուսաստանը նույնպես առաջատար գործընկերներից մեկն է միջազգային ասպարեզում: Բայց նրա և այլ երկրների հետ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մեր հարաբերությունների այլընտրանքը չեն, այլ, ընդհակառակը՝ դրանց լրացումը», - ասել է Էրդողանը լրագրողներին Լոնդոն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելուց առաջ:
Նա նշել է, որ Թուրքիան բազմակողմ արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով իր գերակայություններով, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանոցը» շատ կարևոր է Թուրքիայի համար:
«Բայց նաև պարզ է, որ դաշինքը նորացման կարիք ունի… ՆԱՏՕ-ն պետք է գործի շատ ավելի վճռական ու արդյունավետ, հատկապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների դեմ հանդիման», - ավելացրել է Թուրքիայի նախագահը: