03/12/2019 11:12
Աչքի ընկնելու անհաջող փորձ է, Էդ մարդն ուղղակի չգիտի, թե Գրիբոյեդովն ով է. Ալեն Սիմոնյանը՝ Շահեն Հարությունյանի մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմին։
«Էդ մարդն ուղղակի չգիտի, թե Գրիբոյեդովն ով է, ինչ դեր է ունեցել, ինչի համար են իրեն սպանել։ Վատ բառ չեմ ուզում ասել, բայց, հավատացեք, տեղ կա վատ բառ ասելու», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվել է, վանդալիզմ է։
«Ընդամենը աչքի ընկնելու անհաջող փորձ է, որը, ի ուրախություն ինձ, հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ բացասական գնահատականի է արժանացել», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Նշենք, որ երեկ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա էր իրականացրել՝ կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա։
Դեպքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ դատապարտում են արարքը։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում», - ասել է Կարապետյանը։