04/12/2019 11:41
Գրավե՞լ եք ամբիոնը. Արարատ Միրզոյանը նկատողություն արեց քաղաքապետին քննադատող պատգամավորին ժամանակը չարաշահելու համար (Տեսանյութ)
Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակություններին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Երկու օր է՝ ունենք իրավիճակ, որտեղ քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, երբ են հեռախոսային խոսակցություն ունեցել, պատի տակ շարվելուց զգաստ են կանգնել, թե ոչ: Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների կառավարման հնարավորություններին», - հայտարարեց Ուրիխանյանը:
Մինչ պատգամավորը քննադատում էր քաղաքապետին, մի քանի անգամ հնչեց ելույթի ժամանակի ավարտն ազդարարող զանգը:
«Գրավե՞լ եք ամբիոնը: Կոչնակը նրա համար ա հնչում, որ ժամային սահմանափակումը հաշվի առնենք: Չեմ հասկանում Ձեր պատկերացրած քաղաքապետը նստո՞ւմ ա հանդիպմանը ու անընդհատ դիմացինը խոսում ա հեռախոսով, հետո գնում գալի՞ս ա», - ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ուրիխանյանն էլ արձագանքեց, որ իր իրավունքն է ԱԺ ամբիոնից խոսել իրեն հուզող հարցերի մասին:
«Իմ իրավունք էլ սա է, ես էլ իմ իրավունք եմ իրացնում», - արձագանքեց Միրզոյանը:
Հիշեցնենք՝ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը Երևանի քաղաքապետի հետ կես ժամ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են:
Երեկ, անդրադառնալով թեմային, քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ վերջիններս սպորտային հագուստով էին ներկայացել իր հետ հանդիպմանն ու ընթացքում անընդհատ պատասխանել են հեռախոսազանգերի: