04/12/2019 17:43
Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար, սակայն Գևորգ Կոստանյանը, ով գտնվում է ՌԴ-ում, հայտարարեց, որ նշված ժամկետներում չի կարող ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Նա նշեց, որ Հայաստան կվերադառնա ուսումնական դասընթացի կիսամյակն ավարտվելուց հետո, քանի որ Մոսկվայում դասախոսություններ է կարդում ԲՈՒՀ-ում։
Նոյեմբերի 28-ին արդեն հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ ՀՔԾ-ն ձեռնպահ է մնում հրապարակայնացնել, թե ինչ հոդվածով է Գ.Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։
Գ.Կոստանյանի փաստաբանը հայտարարել է, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաեւ Գևորգ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Գեւորգ Կոստանյանը.
«ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար», - ասել է նախկին գլխավոր դատախազը։