04/12/2019 17:41
ԼՂ կարգավորման հարցով սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա, որովհետև նախ պետք է հասկանանք ամպլիտուդը. Փաշինյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպապատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպեսի՞ն է պաշտոնական Երևանի պատասխան դիրքորոշումն Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ այսօր հայտնած դիրքորոշմանը։
Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը նկատեց.
«Հայտարարությունների երեք ռեժիմ կա. երբ հայտարարություն չի հնչում, հնչում են մեկնաբանություններ, երկրորդ, երբ հայտարարությունը եռակողմ է, և երրորդ՝ հնգակողմ։ Սա այն տարբերակն է, երբ համանախագահներին գումարվում են կողմերի ներկայացուցիչները։
Նախ ասեմ, որ սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա։ Չկա, որովհետև մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը։ Երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների հետ կապված պարզաբանումներ պետք է ստանանք, դեռևս չենք ստացել։
Հիմա, ըստ էության, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ կարող եմ արձանագրել, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը։ Մենք ձևակերպել ենք մեր՝ Հայաստանի և Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների պատկերացումները նույնական են։ Մեր ասելիքն առավել լսելի և հասնալի է դարձել միջազգային հանրության կողմից», - նշեց Նիկոլ Փաշինյանը։