04/12/2019 09:47
Վանեցյան. Մենք չենք կարող մեզ թույլ տալ որևէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին. «Հրապարակ»
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, արձագանքելով «Բաց հասարակության հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանի մեկնաբանությանը, թե ՀՀ Սահմանադրության չափանիշով Սորոսի հիմնադրամի գործունեությունը վտանգ չի եղել և չի կարող լինել, ասել է. «Ձեզ վստահեցնում եմ, որ եթե Սահմանադրության ու օրենքների հետ խնդիրներ լինեին, ամենակոշտ արձագանքը չէր ուշանա: Համենայնդեպս, դրա որոշողը որևէ անհատ չէ, այդ թվում՝ տիկին Լարիսա Մինասյանը, այլ՝ պետական համապատասխան ինստիտուտները։ Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա պետք է Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ տիկին Մինասյանն իր խոսքում արդեն իսկ մատնացույց է արել այն վտանգը, որը ես նկատի եմ ունեցել: Իրենց նպատակների մեջ նա չի կարևորել Հայաստանի անվտանգությունը։
Մինչդեռ, ի տարբերություն Սորոսի հիմնադրամի, Հայաստանի ապագայով, հայ ժողովրդի բարեկեցությամբ մտահոգ ցանկացած ոք, անկախ իր առջև դրած խնդիրներից, պետք է հաշվի առնի մեր երկրին ուղղված սպառնալիքները: Եթե մենք ապրեինք, օրինակ, Լուսնի վրա` առանց արտաքին սպառնալիքների, վստահեցնում եմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության օրակարգը կարելի էր միայն ողջունել, բայց մենք ապրում ենք Հարավային Կովկասում` Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ, ու չենք կարող մեզ թույլ տալ որևէ «վեհ» գաղափար կյանքի կոչել մեր ֆիզիկական անվտանգության հաշվին: Այնպես որ` չափանիշներ են նաև մեր հարևանների ագրեսիվ վարքագիծը, տարածաշրջանում անկայունությունը, չափանիշներ են մեր ժողովրդագրական ճգնաժամը, միգրացիայի տեմպերը և այլն:
Եթե առիթ կունենաք՝ փորձեք տիկին Մինասյանից հետաքրքրվել․ օրինակ, հնարավո՞ր է ապահովել Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, եթե մեր բոլոր կանայք մի օր որոշեն, որ իրենք բանակին տալու զավակ չունեն, այսինքն՝ այն, ինչը քարոզում են տիկին Լարիսայի ղեկավարած հիմնադրամից աջակցություն ստացող որոշ կազմակերպություններ: Ես այլ օրինակներ չեմ ուզում բերել, եթե կարիքը լինի, առավել մանրամասնությամբ կանդրադառնամ դրանց»: