04/12/2019 16:54
Աննա Հակոբյանի կողմից Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելը հերթական չհաշվարկված քայլն է. փորձագետ
Աննա Հակոբյանի կողմից Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելը հերթական չհաշվարկված քայլն էր, որն էական հարված է հասցնում Արցախի սուբյեկտայնությանը, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը:
«Աննա Հակոբյանի այս հայտարարությունը լուրջ հարված է Արցախի սուբյեկտայնությանը: Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, ուստի՝ Ալիևային Արցախ հավիրելու համար շատ ավելի կարևոր է ոչ թե ՄԱԿ-ի բանաձևին հղվելը, այլ այն, որ նման նախաձեռնությամբ հանդես գային Արցախի իշխանությունները, իհարկե, եթե այն համարում են նպատակահարմար», - նշում է փորձագետը` ընդգծելով ևս մեկ կարևոր փաստ.
«Աննա Հակոբյանը մոռացել էր մեկ այլ կարևոր բան ևս. Մեհրիբան Ալիևան ուղղակի առաջին տիկին չէ, այլ այդ երկրի առաջին փոխնախագահը` երկրում իրական իշխանությամբ»:
Ռոզի Միքայելյանի կարծիքով` ՀՀ իշխանությունների նման անպատասխանատու հայտարարությունների արդյունք է նաև, որ Ադրբեջանին, կարծես թե, վերջապես հաջողվում է բանակցություններում հակամարտության կարգավորման միջհամայնքային իր վաղուց որդեգրած մոտեցումն ամրագրել:
Վերջին մեկ տարվա ընթացում մեզ ոչ միայն չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան, այլև նման չհաշվարկված հայտարարությունների արդյունքում միջնորդները սկսել են խոսել համակատության կարգավորման համատեքստում միջհամայնքային երկխոսության կարևորության մասին: Նախօրեին Բաքվում այս մասին խոսեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՀՀ իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ Արցախի սուբյեկտայնությունը շատ կարևոր է ինքնորոշման իրավունքի ամրապնդման, իրացման և հակամարտության խաղաղ կարգավորման համար», - եզրափակեց փորձագետը: