04/12/2019 13:55
Ճապոնիայում կալանավորվել է յակուձայի պարագլուխներից մեկը
Ճապոնական ոստիկանությունը կալանավորել է «Կոբե Յամագուտի-գումի» յակուձա խմբավորման պարագլուխներից մեկին՝ մրցակցող հանցավոր միավորման զինյալին սպանելու փորձ կատարելու կասկածանքով: Քննության տվյալներով՝ 60-ամյա Հիրոձի Նակատան օգոստոսի վերջին փորձել էր գնդակահարել պրոֆեսիոնալ գանգստերին, որ ծանր վիրավորվել էր, այսօր հայտնել է NHK հեռուստաալիքը: Միջադեպը տեղի էր ունեցել Կոբե նավահանգստային քաղաքի փողոցներից մեկում, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում միմյանց թշնամի յակուձա կլանների միջև:
Ապրիլին այնտեղ «Կոբե Յամագուտի-գումիի» զինյալը դանակահարվել էր և ծանր մարմնական վնասվածքներ ստացել: Հոկտեմբերին նույն խմբավորման 2 անդամ Կոբեում զոհվել էին փոխհրաձգության ժամանակ:
Բանդիտական երկպառակտությունը ծավալվել է այն բանից հետո, երբ 2015 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում գլխավոր գանգստերական «Յամագուտի-գումի» սինդիկատից հրաժարվել էր նրա անդամների մեծ մասը, որոնք կազմավորել էին ինքնուրույն միավորում «Կոբե Յամագուտի-գումին»՝ մոտ 3 հազար անդամով: Այս խմբավորումներից յուրաքանչյուրը հավակնում է Կոբե քաղաքում և Հոնսյու կղզու ամբողջ հարավ-արևմուտքում առաջնորդության: Ոստիկանության տեղեկություններով՝ «Յամագուտի-գումիի» անդամների թիվը հիմա կազմում է մոտ 9,5 հազար մարդ: