05/12/2019 09:51
«Ժողովուրդ». Օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հայտարարության հետքերով բացառիկ մանրամասներ է պարզել. պարզվում է, որ այդ ճանապարհով հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան: Հիշեցնենք` ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ իրեն այդ բացահայտման գործում օգնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ձերբակալվածների մեջ Սոցապ նախարարության աշխատակիցներ չկան:
«Զգույշ պետք է լինենք և որևէ կերպ չտրվենք, այսպես ասեմ, հորդորներին, որոնք ուղղված են երեխայից հրաժարվելուն, երեխայի առողջական խնդիրը պատճառաբանելուն», - ընդգծել է նախարար Բաթոյանը: