05/12/2019 17:36
Մամեդյարովը ծանր է որակել Մնացականյանի հետ Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունները
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լուրջ ու ծանր է որակել նախօրեին Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրեցինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», - ասել է Մամեդյարովը Բրատիսլավայում։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։
Մամեդյարովը նորից հայտնել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։
«Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար», - ասել է նա։