05/12/2019 13:50
ԱՄՆ-ն ավարտել է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից
Միացյալ Նահանգներն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին չորեքշաբթի երեկոյան Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը: Ըստ նրա՝ Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի ընդամենը 600 զինծառայող:
«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Սակայն նա չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան:
«Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է, կկարողանամ հետ կանչել մեր 50 մարդու»,- ասել է Էսփերը: