05/12/2019 10:29
Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Մնացականյանն ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։
Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը:
Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:
Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: