05/12/2019 15:44
«Նոր ժամանակներ, նոր բարքեր». Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում
Դերասան Վարդան Պետրոսյանն, ավարտելով «Իմ կիսատ թողած երգը» ներկայացման հյուրախաղերը, սկսում է աշխատանքները նոր ներկայացման ուղղությամբ: Այս անգամ սիրված արտիստը հանդիսատեսին կներկայանա «Նոր ժամանակներ, նոր բարքեր» մենաներկայացմամբ:
«Սիրելի բարեկամներ, ավարտվեցին «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացման վերջին հյուրախաղերս։ Այս աշխատանքով ես վերադարձա բեմ երկար ընդմիջումից հետո. ընդմիջում, որ պայմանավորված էր իմ կյանքում տեղի ունեցած ծանր ողբերգությամբ։ Ամբողջ երկու տարի ես այն ներկայացրի սփյուռքի բեմերում և ավարտեցի Հայաստանում։
Այս ներկայացումն իմ կալանքի պատմությունն էր... Իմ ու իմ կալանակից եղբայրների... Այստեղ իմ ապրումներն էին, իմ սիրտը... Ես պարտավոր էի այս մասին խոսել... Եվ ինչքա՜ն ուրախ եմ, որ այն չընկալվեց որպես անձնական մի պատմություն, այլ՝ մեր հոգսերի ու ցավերի մի երգ, որ մենք հյուսեցինք իրար հետ։
Այժմ պատրաստում եմ նոր ներկայացում, վերնագրված ՝ «Նոր ժամանակներ, նոր բարքեր»։ Հումորով ու երգիծանքով, ծիծաղով ու կատակով ես ներկայացնում եմ իմ մտորումները աշխարհի ու մեր երկրի մասին, այս անվերջ խելահեղ վազքի մեջ, վայրկյան առ վայրկյան փոխվող ու զարգացող իրադարձությունների հորձանուտում, հայացք ձգում դեպի հեռու՜ անտեսանելի անցյալ ու փորձում պատկերացնել ապագան, ժամանակների թելադրմամբ մշտապես փոփոխվող բարքերի կռվի մեջ փորձում հասկանալ այսօրը», - տեղեկացնում է Վարդան Պետրոսյանը:
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում՝ 2020 թ. փետրվարի 23-ին: Երևանյան պրեմիերայի օրը դերասանը դեռ չի բարձրաձայնում: