06/12/2019 12:10
Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ ԱԺ-ում. Աշոտյան
Այս մեկուկես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար այդ զույգը կրկին բռնեց Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից, ՀՀԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Եթե դիտարկենք Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթը Բրատիսլավայում, մի մտքից զատ, տպավորություն կար, որ Նալբանդյանն է խոսում մեզ հետ: Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ վերջում գալ և որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Նա նշեց՝ Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ է.
«Կա հստակ դիսոնանս, մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցային գործընացը, և վերջնարդյունքը: Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ես ունեմ վարկածներ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել: Իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ի՞նչ կատարվեց Բրատիսլավայում, ի՞նչ էիք խոստացել և ո՞ւմ էիք խոստացել հանդիպումից առաջ, ինչո՞ւ այդ հանդիպումը որևէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը»:
Աշոտյանի խոսքով՝ կարելի է ասել, որ մեկուկես տարի անց այս իշխանությունները կրկին վերադարձել են իրենց բանակցած փաթեթին:
«Բացասական հետևանքն, իհարկե, միայն ժամանակի կորուստը չէ և այն լոպազությունը չէ, որով գործող իշխանությունները խոսում էին մինչև այս հանդիպումները: Հիմա իշխանությունների համար պլան B-ի խնդիր է առաջանում, որն իր մեջ հետևյալ բաղադրիչն է ներառում. դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների և թնամիների բաժանել, հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրայի՝ այն է սև ու սպիտակի դարաշրջանն ավարտված է», - ասաց Աշոտյանը:
Ըստ նրա՝ սա շատ կարևոր է, որպեսզի արցախյան ճակատում սպասվող դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական զարգացումներին ընդառաջ հայ հասարակությունը լինի հնարավորինս կոնսոլիդացված:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ պետք է նաև ՀՀ քաղաքական համակարգը ֆորմատի ենթարկել:
«Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ Ազգային ժողովում: Ակնհայտ է, որ ավաղ, ԱԺ-ն ի սկզբանե մեռելածին էր», - ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ Արցախի հարցը ածանցվող հարց է մեծ աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա, և դրան դիմակայելու համար մեր իշխանություններին հարկավոր են ոչ թե սեփական պատկերով գուլպաներ կամ մոմեր, այլ՝ կոնսոլոդիացված քաղաքական միտք: