06/12/2019 13:51
Մարտի 1-ի գործով դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստին Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։ Միջնորդությանը միացավ նաև մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Մեղադրողի կածիքով, դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Մասնավորապես, դատախազը հղում արեց 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։ Բաղդասարյանի խոսքով, այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունն տվյալ գործին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկեցին, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դատախազի կողմից հիշատակված գործը որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքերը բացակայում են։
Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։
«Դատավորի ինքնաբացարկի դեպքում կարող է վատ նախադեպ ստեղծվել և եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել ու այդպիսով դատավոր չի մնա, ով գործ կքննի», - նշեց Հ․ Ալումյանը։
Իր հերթին պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասն այսօր խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։
Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: