07/12/2019 12:07
Առողջության հարկի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են, իսկ ֆիննախի նախընտրելի շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան
Աշխատում ենք չլինել կտրուկ մեր տեսակետների մեջ, համարելով, որ ցանկացած տեսակետ գոյություն ունենալու իրավունք ունի:
Առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մի կողմից հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն՝ որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից՝ ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում՝ առողջության հարկ սահմանելով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը դեմ արտահայտվել առողջության հարկի կիրառմանը:
«Կա ընկալում, որ այդ բեռն աշխատակցի կամ վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետև նույն վարձու աշխատողը եթե խնայողություններ գեներացներ դրա փոխարեն, ապա կարող էր ինքը ներդրումներ կատարել, հավելյալ արժեք ստեղծելու պոտենցիալ ձևավորելով: Հիմա կստացվի, որ այդ ներդրման փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված մեր տեսակետը և կարծում ենք, որ այն պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարը նշեց՝ այս հարցի վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքն այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել.
«Որովհետև դժգոհությունն ավելի շատ են: Միգուցե, պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ»:
Հարցին, թե առողջապահության հարկի վերաբերյալ ֆինանսների նախարությունն ունի՞ նախընտած շեմ, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.
«Ֆինանսների նախարարության նախընտրելի շեմը զրոն է: Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է»: