09/12/2019 15:36
Գալստյան. ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունները կմեծանան, եթե Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը հայտնվեն միևնույն աշխարհաքաղաքական բևեռի ազդեցության տակ (Տեսանյութ)
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները կմեծանան, եթե Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը հայտնվեն միևնույն աշխարհաքաղաքական բևեռի ազդեցության տակ։ Նման տեսակետ է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը՝ Aysor.am-ի «Առաջին հայացքից» ծրագրի ընթացքում։
«Այս պահի դրությամբ ես չեմ նշմարում որևէ միջավայր, այդ թվում նաև աշխարհաքաղաքական, որը կարող է նպաստել խնդրի խաղաղ լուծմանը։ Այդպիսի միջավայրի՝ խնդրի խաղաղ լուծման, հնարավորությունները էապես կմեծանան, եթե հակամարտող բոլոր կողմերը հայտնվեն աշխարահաքաղաքական միևնույն բևեռի ազդեցության տակ՝ կլինի դա եվրասիական, կլինի ՆԱՏՕ–ական, Եվրաամերիկյան, բայց միայն հակամարտող երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համատեղ միևնույն աշխարահաքաղաքականության գոտում հայտնվելու պարագայում կամ հանկարծ եթե տա Աստված, կոնֆեդերատիվ՝ հարավկովկասյան կամ կովկասյան կոնֆեդերացիա և այլն, այդպիսի ինտեգրացիոն հարաբերություններ հաստատվեն մեր ու ադրբեջանցի ժողովուրդների միջև։ Դա կլինի հարատև լուծման կարևոր բանալիներից մեկը», - կարծում է Խաչիկ Գալստյանը։
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա քաղաքագետի կարծիքով՝ այն մշտապես բարձր է.
«Պատերազմի հավանականությունը միշտ պետք է բարձր գնահատել։ Ինչո՞ւ, որովհետև մեծ հաշվով մեր տարածաշրջանում այնուամենայնիվ նկատում ենք անվտանգության տարբեր համակարգերի կոշտ մրցակցություն։ ՆԱՏՕ-ն իր դեպի արևելք ընդարձակումը, շարժումը, կարծես թե, չի դադարեցնում, վերջին հավաքի ժամանակ հայտարարվեց, որ Ուկրաինան ու Վրաստանը վաղ թե ուշ պետք է ՆԱՏՕ–ին անդամակցեն, Ադրբեջանը, իհարկե, այս պահին պահպանում է անվտանգային համակարգերի չեզոքությունը և Չմիավորված պետությունների շարժման նախագահողն է առնվազն երկու տարի, բայց վաղ թե ուշ Ադրբեջանը իր անվտանգության համակարգը պետք է կապի կամ Թուրքիայի կամ Ռուսաստանի կամ մեկ երկրի հետ։ Բնականաբար, մենք տարածաշրջանում ինչքան ունեցանք բաժանարար գծեր, այնքան հակամարտության ռազմական ճանապարհով լուծման հավանականությունը մեծանալու է»։
Խաչիկ Գալստյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։