09/12/2019 14:18
Անցած մեկուկես տարին ֆորա էր Հայաստանին. Խաչիկ Գալստյան (Տեսանյութ)
Հայաստանում իշխանափոխությունից հետո անցած մեկ ու կես տարին Հայաստանին տրված էր ծանոթանալու Մադրիդյան սկզբունքների բացվածքին։ Նման տեսակետ է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը՝ Aysor.am-ի «Առաջին հայացքից» ծրագրի ընթացքում։
Հարցին, թե ինչ է փոխվել բանակցային գործընթացում, Խաչիկ Գալստյանը պատասխանել է. «Փոխվել է ժամանակը, փոխվել են դերակատարները, բայց կողմերի հիմնական մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումների մեջ այս պահին ես ոչ մի առարկայական փոփոխություն չեմ տեսնում»։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Նախարարական վեհաժողովից առաջ Ադրբեջանն ընդամենը ամբողջացրել և ներկայացրել է իր առավելապաշտական դիրքորոշումը, ինչին համարժեք արձագանքել է նաև Հայաստանը. «Բրատիսլավայում Ադրբեջանը բացեց խաղաքարտերը. եթե վերջին տարի ու կեսվա ընթացքում Ադրբեջանը կիրառում էր սայլամիի մարտավարություն, այսինքն՝ փոքր պրոպորցիաներով էր ներկայացնում իր դիրքորոշումը, կարծես թե, Բրատիսլավայում իրենց համբերության բաժակն արդեն հատեց և իրենք ամբողջությամբ իրենց առավելապաշտական դիրքորոշումը դրեցին շրջանառության, ինչն էլ հիմք տվեց Հայաստանին, արդեն նախարարի ելույթում, շատ ավելի կոշտ արձագանքել և ներկայացնել նաև հայկական տեսլականը խնդրի կարգավորման վերաբերյալ»։
Խաչիկ Գալստյանի կարծիքով՝ միջնորդներն այսօր իրենք էլ հորդորում են ձեռնամուխ լինել բովանդակային բանակցությունների։
«Մեծ հաշով անցած տարի մենք ունեցանք հեղափոխություն, իշխանափոխություն, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, որը նախկինում Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում որևէ փորձառություն չուներ, և նոր մարդիկ էին, ովքեր նոր էջից պետք է սկսեին բանակցությունները։ Եվ այս մեկ ու կես տարին, ըստ էության, Հայաստանի կառավարությունը հրապարակավ նաև հայտարարում էր, որ պետք է խորամուխ լինել խնդիրներին, մոտավորապես հասկանալ թե ինչի մասին է խոսքը, ստանալ Մադրիդյան սկզբունքների բացվածքը և հասկանալի լինել»,- կարծում է քաղաքագետն ու նշում, որ այդ ժամանակը կարծես լրացել է. «Մեկ ու կես տարին բավանակաչափ է, ես ենթադրում եմ, որ հայկական կողմը խորամուխ լիներ, ծանոթանար պրոցեսի ակունքներին, դրա համար համանախագահները նշում էին, որ արհեստական ձգձգումներից պետք է զերծ մնալ։ Դա կարծեմ մեզ էր ուղղված, և նախապայմաններով խոսելը՝ դա էլ Ադրբեջանին էր ուղված»։
Հիշեցնենք, որ Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել էին. «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վերստին ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ուստի մենք կողմերին կոչ ենք անում առանց ձգձգումների կամ պայմանների բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել»։
Խաչիկ Գալստյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։