09/12/2019 16:48
Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան
Դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է արցախցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ...աչքեր...ծաղիկներ…» վերնագրով գրքի հիման վրա բեմադրված «Լուսաբացից առաջ» ներկայացման առաջնախաղը՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով:
Պրեմիերան նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Առաջնախաղին ներկա է եղել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
«Մենք պետք է ժամանակ առ ժամանակ վերապրենք մեր հիշողությունները, մտորումները և պատմությունը: Շատ հակասական ժամանակներում կա մի վտանգ, երբ կարող է կտրվել ժամանակների կապը: Եկող սերունդները չպետք է որպես տարեգրություն նայեն այն ամենին՝ ինչով անցել է հայ ժողովուրդը, մասնավորապես՝ հերոսական Արցախը: Կուզենայի, որ ներկայացումը դիտեին նաև այն երիտասարդները, ովքեր զինվորական ծառայության մեջ են: 1 ժամ 40 րոպե տևողությամբ ներկայացումը մի դասագիրք է բոլորիս համար՝ վերհիշելու և վերարժևորելու մեր անցյալը», - իր ելույթում մասնավորապես նշել է Հակոբ Ղազանչյանը:
Նա նաև ընդգծել է, որ Ստեփանակերտը պետք է , անպայման, ունենա թատրոնի հարմարավետ շենք:
Ելույթի վերջում Հ. Ղազանչյանը Ռ. Խաչատրյանին է նվիրել Երվանդ Ղազանչյանի տան պատից կախված նկարներից մեկը՝ նշելով, որ իր հայրը Ռուզանին շատ էր սիրում և հոգեպես միշտ իր հետ է:
ՀԹԳՄ նախագահը նաև պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախ հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է թատերական կյանքը Արցախում ակտիվացնելու տարբերակների մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2020 թվականին Արցախում անցկացնել «Թատերական Արցախ» փառատոն, որին իրենց մասնակցությունը կունենան Երևանի, ինչպես նաև ՀՀ մարզերում գործող թատրոններն՝ իրենց լավագույն բեմադրություններով։
Այս օրերին Հակոբ Ղազանչյանը ներկա է եղել նաև Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք նոր ներկայացման փորձին։ Դեկտեմբերի 10 և 11- ին այնտեղ կկայանա Էդգար Կոստանդյանի «Որբանոց» պիեսի բեմադրության պրեմիերան: Բեմադրիչն է Ասյա Սիրեկանյանը: