09/12/2019 17:04
Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. Մաքսիմ Վենգերով
եկտեմբերի 14-ին Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։
«Ես ուրախ եմ‚ որ ինձ հնարավորություն է ընձեռվել համագործակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում։ Դեկտեմբերի 14-ին կկայանա մեր համերգը այդ հիանալի կոլեկտիվի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ։ Ուրախ եմ նաև 2019-2020 թթ. համերգաշրջանում լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ արտիստը»‚ - իր տեսաուղերձում ասում է մեծահամբավ երաժիշտը։
Նշենք‚ որ 2020 թ. հունվարի 8-21-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն եվրոպական համերգային շրջագայությունների։
Վենգերովի համոզմունքն է, որ երաժշտությունը համամարդկային շփման և փոխըմբռնման կատարյալ լեզու է:
Տեղեկացնենք‚ որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։