10/12/2019 11:32
ORSIS ընկերությունը հանվել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»
Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին», - ասաց Սիրունյանը:
Նա նշեց, որ այս կարգի վեճերը դատարանում քննվում են երկուսից-երեք տարի տևողությամբ, և եթե ինքն էլ ոչինչ չաներ, 2021 թվականի հուլիսին ընկերությունն արդեն դուրս կգար սև ցուցակից։
«Աբսուրդը նրանում էր, որ զենքի մատակարարման միակ աղբյուրին գցում եք սև ցուցակ», - նշեց փաստաբանը։
Սիրունյանն ասաց, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին:
Դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշման մեջ էլ կարդում ենք, որ դատարանը եկել է այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով հայցվորի միջնորդությունը հիմնավորված է, այն բխում է նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, ուստի, պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում։
Դատարանը Ֆինանսների նախարարությանը պարտավորեցրել է www.gnumner.am համացանցային կայքում հրապարակած «Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը, որի կազմի մեջ է մտնում ORSIS-ը, հանել «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակ»-ից մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք՝ Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մրցույթն, առանց պատճառների մասին բացատրություն տալու, չեղարկվել է։