10/12/2019 14:34
«Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով դատական նիստը հետաձգվեց (Տեսանյութ)
«Մալյանն ընդդեմ «Ռեստարտի» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 13։30-ին։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հարցը տեխնիկական է. երբ ամբաստանյալներից մեկը չի ստանում մեղադրական եզրակացությունը, դատավորը պարտավոր է հետաձգել դատական նիստը։
«Սպասենք գործի ընթացքին», - ասաց նա։
Նարեկ Մալյանն էլ նշեց, որ դատարանից իր ակնկալինքերն օրենքի շրջանակներում են։
«Քրեական օրենսգիրքը նրանց արարքի համար նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում։ Ինչպես դատարանը կորոշի։ Հուսով եմ՝ իրենք իրենց պատիժը կստանան իրավական դաշտում, այսինքն՝ կարիք չի լինի իրավական դաշտից դուրս պատիժներ կիրառել», - ասաց նա՝ հավելելով, որ հաշտության եզրեր չի փնտրում։
Մինչև այդ դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարան է զանգահարել «Ռեստարտի» փաստաբան Կարապետ Բադալյանը և տեղեկացրել, որ այլևս չի ներկայացնելու խմբի անդամների շահերը։ Մեկ այլ պաշտպան Արմեն Խաչատրյանը ավելի վաղ նշել էր, որ չի ներկայանալու դատական նիստին։
Դավիթ Հարությունյանը դատարանում ներկա փաստաբաններ Պետրոսյանից և Մեժլումյանից հետաքրքրվեց՝ արդյոք խմբի բոլոր անդամների շահերն են պատրաստվում ներկայացնել։ Վերջիններս նշեցին, որ պայմանավորվածության համաձայն՝ ներկայացնելու են «Ռեստարտի» բոլոր անդամների շահերը: