10/12/2019 12:21
Ռուսաստանը համաձայնել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիակացմանն ուղղված վարկի ժամկետի երկարացմանը. Պապիկյան (Տեսանյութ)
Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ հարցը կքննարկվի առաջիկա կառավարության նիստում՝ հավելելով.
«Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժետություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»: