11/12/2019 12:07
Իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը, այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան (Hraparak)
Իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել՝ անկախ պատգամավորական մանդատների քանակից, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունի: Տնտեսական և սոցիալական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը չի ապահովում այդ քաղաքականության շահառու սոցիալական խմբերի աջակցությունը: Ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը», - թերթի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նշել է, թե դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով:
«Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից և վճռականությունից», - ասել է Ռ. Քոչարյանը։
Հարցին, թե ի՞նչ է պետք անել, որ երկրում ուժեղ ընդդիմություն ձևավորվի, Ռ. Քոչարյանը պատասխանել է.
«2018-ի ապրիլին տեղի ունեցած և իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, և հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան և դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, և հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձևավորում է ընթանում:
Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ և ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի և գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության և տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները և աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ:
Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ»։
Հարցազրույցի մանրամասներն՝ այստեղ։