11/12/2019 09:45
«Ժողովուրդ». Ռեկտորների և նախարարի հանդիպումը տևել է 6 ժամ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ նախագիծը մի քանի օրվա ընթացքում հավաքել է 44 կողմ և 18 դեմ ձայն: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախարարի և ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տևել է 6 ժամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսն իրենց պասիվ են պահել և չեն փորձել առարկություններ անել:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ»: