11/12/2019 12:18
«Սա կարող է խարխլել երկրի հիմքերը». ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախագիծը Սահմանադրական օրենք էր և հետևաբար դրա ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի ընդհանուր ձայների 3/5-ը: Նապխագիծն ընդունվեց 75 ձայնով: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին:
Գործուղման մեջ գտնվող 7 պատգամավոր էլ իրենց կողմ քվեներն էին թողել։
Ինչպես իր ելույթում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, երեկ ամբողջ քննարկումը հետևյալ տրամաբանության մեջ էր. ով դեմ է նախագծին, դեմ է երկրի զարգացմանը։ Նրա համոզմամբ՝ դա չի կարող ճիշտ և ճշմարտացի լինել:
«Մենք կարծում ենք՝ այս թեզը ճիշտ չէ, որ նպաստ տալը 7 հոգու չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել: Մենք միանշանակ դեմ ենք սրան, չի կարող այսպիսի անհեռանկար գործիքը լինել երկրի զարգացման հիմք, հակառակը՝ սա կարող է խարխլել երկրի, պետականության հիմքերը», - նշեց Միքայել Մելքումյանը: