11/12/2019 14:05
ՍԴ-ի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա. Պատգամավոր
Սահմանադրական դատարանի նախագահ փոխելով՝ իշխանությունը չի կարող վերահսկողություն հաստատել ՍԴ-ի վրա, քանի որ դա կոլեգիալ մարմին է: Նա նշեց, որ իշխանությունը ցանկանում է նախագահ ունենալ ամեն տեղ, որը չի էլ թաքցվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Հիմա եկել են հեղափոխական ուժեր, փորձում են անել նույն բանը, ինչ՝ նախորդները: Դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով, այստեղ հեռատեսություն է պետք, որ երկրի շահը գերակա համարվի կուսակցական նեղ շահերից: Կան խնդիրներ ամբողջ դատական համակարգում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում նրանց աշխատանքի անարդյունավետության առումով, բայց դա անվանել ճգնաժամ չի կարելի», - ասաց նա:
Ճեպազրույցին ներկա «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ իշխանական գործընկերները դեռ խնդիր ունեն՝ հասկանալու ընդդիմության դերն ու նշանակությունը:
«Ազգային ժողովն, ի վերջո, պետք է դառնա բարձր մակարդակի քաղաքական բանավեճերի, բախումների հարթակ: Թե չէ նոր դեմքերով մարդիկ, հին բաները անելով, երբեք խնդիրների լուծում չենք ունենա: Հատկապես «Իմ քայլի» պատգամավորների կողմից շատ կարևոր է հանդուրժողական, գործընկերային հարաբերությունները, մեզ պետք չէ մեզ սիրեն, բայց մեզ հետ պետք է աշխատեն», - ասաց նա: