13/12/2019 11:21
ԱԺ նախագահը 3 խմբակցության անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի գործընկերներին
Ազգային ժողովի 3 խմբակցության անունից ողջունում եմ ԱՄՆ Սենատին, ինչպես նաև՝ դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին, համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանը։
«Այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։ Այս առիթով ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել սենատորներ Մենենդեսին և Կրուզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին, և հայ ազգի բոլոր մյուս բարեկամներին Կոնգրեսի երկու պալատներում՝ այս օրինագծի նախաձեռնության և պաշտպանության համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահն առանձին երախտիքի խոսքեր հղեց ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակին և ԱՄՆ-ում Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար։
«Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար։ Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։