13/12/2019 15:57
Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու. Ադրբեջանական կողմը ընկալումների հետ կապված խնդիրներ ունի. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է ու վերջին անգամ Բրատիսլավայում արտգործնախարարի ելույթի ժամանակ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այսօր լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին։
«Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար», - ասաց նա։
ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
Նա վստահեցրեց՝ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։
«Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի կամ, պարզապես, չի ցանկանում ընկալել», - ասաց Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։
Ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: