13/12/2019 11:27
Իշխանությունը պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի Մամեդյարովի հարցազրույցի վերաբերյալ. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ)
Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգությունները շատ-շատ են, անհանգստությունները՝ բազմաթիվ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Ես չեմ հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին։ Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին։ Ավելին՝ գոն մինչև վերջերս նրանք ասում էին, որ բանակցություններ չկան», - շեշտեց Սողոմոնյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր հրապարակվել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հարցրազրույցը՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին։
«Այնտեղ պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն։ Եթե այդ հերքումներն արագ չեն հետևում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ այնտեղ խոսք է գնում, որ քննարկվում է Արցախի Հանրապետության կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում։ Հիմա այս հարցերը պարզաբանում են պահանջում։ Այդ պարզաբանումները պետք է տա իշխանությունը, և և հույս ունեմ, որ դրանք կլինեն հստակ, ոչ թե լիրիկական ձևով, որը սովոր ենք տեսնել», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը։