13/12/2019 10:30
Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևի` ԱՄՆ Սենատում միաձայն անցնելու փաստին։ Նա գրել է.
«Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը
Ինչ տեղի ունեցավ
1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:
Ինչու հիմա
1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:
Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:
Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»: