14/12/2019 10:33
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի բանաձևը
Թուրքիայի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտում են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հինգշաբթի ընդունել է բանաձև՝ պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
«Թուրքիայի մեծ ազգային ժողովը վճռականորեն դատապարտում և մերժում է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Բանաձևն անվավեր է պատմության և իրավունքի տեսանկյունից, նաև թուրք ժողովրդի և միջազգային հանրության կարծիքով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ բանաձևը Թուրքիայի դեմ «կեղտոտ խաղի մի մաս» է: Երկրի խորհրդարանը պատմաբաններին կոչ է արել կատարել ուսումնասիրություն 1915-ի իրադարձությունների վերաբերյալ՝ իրազեկելով համաշխարհային հանրությանը դրանց արդյունքների մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան իր արխիվները բացել է բոլոր հետազոտողների համար, այդ թվում` հայերի:
Իրենց ստորագրությունները փաստաթուղթի տակ դրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, «Ազգային շարժում» կուսակցության և «Բարի» կուսակցության ներկայացուցիչները: